Վերջին շրջանում հանրության շրջանում մեծ արձագանք են գտնում արցախյան ազատամարտին նվիրված երգերը: Հեղինակ-կատարող ՎԱՐԴԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ «Տղերքի երգը» կատարում են Դավիթ Ամալյանը, Վախթանգ Հարությունյանը և ինքը` հեղինակը: Հեղինակային երգը հնչում է հիմնականում ակումբներում, ապրում է երկար, բայց դժվար է տարածում գտնում: Բազմաթիվ հարցեր ծնող այս երգի մասին է մեր զրույցը Վարդան Գալստյանի հետ:
-«Աղո՞թք», թե՞ «Տղերքի երգը», կարծես երկու վերնագիր ունի երգը: Պատմեք, խնդրում եմ, ինչպե՞ս ծնվեց, ե՞րբ եք գրել:
-Երգերս երբեք վերնագրեր չեն ունեցել, ոնց պատահական ծնվել են, այդպես էլ պատահական և անհասկանալի ձևով վերնագրեր են ձեռք բերել: «Տղերքի երգը» ասես երկնքից եկավ, առաջին երկու տունն ու վերնագիրը մեկ գիշերվա ընթացքում են ծնվել: «Աղոթք» ընկերներս են վերնագրել, չեմ հիշում երբ: Հետո հասկացա ինչու. նկատեցի, որ ամեն անգամ երգելիս, ունկնդիրն աղոթքի նման լուռ շշնջում է երգը:
Երգերը ծնվելուց առաջ միշտ ցավեցնում են, ընթացքն էլ բավականին ցավոտ է լինում, հավատացեք (կանայք և երաժիշտ ընկերներս կհասկանան ինձ), դրանք խիստ անձնական են իրենց պատճառներով և հետևանքներով, շնչում են դեմքիդ գիշերները և հաճախ քեզ պատռում են ներսից, երբ բերանդ փակում ես: Հաճախ ատում ես նրանց, զզվում ես, երբ կիսատ են, ուզում ես մոռանալ, բայց հիշեցնում են իրենց մասին: Բայց երբ ծնվում են և աղմկում սենյակով մեկ, սկսում ես թեթև ժպտալ և հասկանալ, թե որքան գեղեցիկ են նրանք: Սկզբում, երբ մարդիկ լսում են, վախենում ես, որ կարող է դուր չգալ նրանց, երբ սկսում են ավելի շատ սիրել, քան քեզ, սկսում ես նախանձել այդ «սրիկային»:
«Աղոթքը» ավելի ցավոտ ծնվեց, և առաջին անգամ լսեցին տղե՛րքը` Եռաբլուրում: Այդ օրը, երբ նվագում էի, մի մորուքավոր տղամարդ մոտեցավ, հագուստից հասկացա, որ մոտակայքում է ապրում: «Ընկեր ջան, մի բան ասա, լսենք, երկուսս էլ նույն պատճառով ենք այստեղ»,- ասաց: «Նոր եմ գրել, մշակված չէ, բայց երգեմ՝ լսեք»,- ասացի: Երբ ավարտեցի, մի կարճ ակնթարթ լուռ մնաց, հետո խնդրեց, որ էլի երգեմ: Կարծեցի, թե չհավանեց: ՈՒրիշ երգ էի պատրաստվում երգել, բայց ասաց, որ նույն երգն է ուզում: Երգը լսեց, խոր շունչ քաշեց և շնորհակալություն հայտնելով՝ շիրմաքարերի միջով հեռացավ: Դա ինձ համար այս երգի օրհնությունն էր, չգիտեմ ով էր նա, ինչու եկավ, բայց… Լավ արեց:
-Որպեսզի լավ երգը մասսայականություն վայելի, ի՞նչ է պետք՝ գովա՞զդ, տեսահոլովա՞կ:
-Իհարկե, ինչ-որ բան սիրելու և գնահատելու համար նախ պետք է այն ընկալել զգայարաններով: Իսկ ընկալելու համար այն պետք է հասանելի լինի: Ինչ վերաբերում է մասսայականություն վայելելուն, մի կողմից լավ է, որ նման երգերը բոլորի համար հասկանալի և ընկալելի չեն, մյուս կողմից էլ, ցանկալի կլիներ, որ հեղինակային ոճն ընդլայնվելու հնարավորություն ունենար:
-Մտածե՞լ եք տեսահոլովակի մասին:
-Տեսահոլովակի մասին մտածել եմ, վատ չէր լինի, որ երգին համարժեք ինչ-որ մի բան լիներ: Լավ կլինի, որ գովազդվեն ավելի խրոխտ ու ոգեշնչող երգերը: Հասարակությունը դրա կարիքն ունի հիմա:
-Ինչպե՞ս են Ձեր երգերը հասնում ունկնդրին, ո՞վ է Ձեր երգերի ունկնդիրը:
-Իմ երգերը հիմնականում հայրենասիրական, խոհական բնույթ ունեն: Վերջապես, ոչինչ չի հորինվում հեղինակային երգում, ամեն ինչ իրական է այստեղ: Նրանք, ովքեր պատրաստ են կարդալու իրականության մասին հեքիաթը, գրախանութից վերցնում են այդ գիրքը:
-Քաղաքացիական նախաձեռնություններին, կարծես, արձագանքում եք՝ երգով ու ոչ միայն: Ո՞ր թեմաներն են հատկապես հուզում, երգ դառնում:
-Մեր շուրջն ամեն ինչ երգ է, դուք պատմում եք գրելով, մենք պատմում ենք երգելով: Ամեն ինչ չի գրվում կամ արժանի չէ գրվելու: Յուրաքանչյուր ոք յուրովի է ընկալում իրականությունը, և գնահատվում է այն, ինչը մի քիչ առանձնանում է, տարբեր է: Ես այս պայքարի մեջ տեսնում եմ նոր կյանք, նոր սերունդ, որ կարող է մի որոշ ժամանակ խաղաղությունը հասարակության օգտին ծառայեցնել:
-Մեր քաղաքը երկու բառով կբնորոշե՞ք:
-Հիանալի քաղաք է մեր Երևանը, չնայած այն բանին, որ ես անձամբ քաղաքներ չեմ սիրում: Բայց կարևորը ոգին է, և այն հրաշալի է:
-Մի քիչ պատմեք Ձեր մասին, բացի երգից, ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ մասնագիտություն ունեք:
-Հյուրընկալության ոլորտում եմ գրեթե ութ տարի: Ավարտել եմ տուրիզմի հայկական ինստիտուտը և առաջին իսկ օրից վստահ էի, որ ճիշտ ընտրություն եմ կատարել:
-Սկավառակ ունե՞ք:
-Սկավառակ չունեմ, չնայած ընկերներս շատ են բողոքում, բայց ես չեմ շտապում:
-Նոր երգեր կա՞ն, որ դեռ չեն հասել ունկնդրին: Ի՞նչ ծրագրեր ունեք, առհասարակ:
-Նոր երգեր կան, հին երգեր էլ կան, որ մինչև այսօր գրում եմ: Երաժշտությունը ուզում եմ հոբբի մնա ինձ համար։ Չէի ուզի մի օր մտածել` երգն արագ ավարտեմ, որ ներկայացնելու բան լինի: Իմ կարծիքով` երգը գրվում է ճիշտ ժամանակին։ Շտապեցնելն անարդար է:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ